Աստղեր, Արեգակ

Արեգակ

Արեգակը գազի շիկացած հսկայական գունդ է, որը Երկրից հեռու է 150 մլն կմ:

Թեև այն ընդամենը սովորական աստղ է, ինչպիսիք գիշերային երկնքում դիտվող հազարավոր ուրիշ աստղերն են, սակայն առանց Արեգակի կյանքը Երկրի վրա անհնարին կլիներ: Մարդիկ և մեր մոլորակի մյուս կենդանի օրգանիզմներն ապրում ու գոյատևում են Արեգակից եկող ջերմության և լույսի շնորհիվ: Մարդիկ միշտ գիտակցել են Արեգակի կարևորությունը իրենց համար և հաճախ երկրպագել են նրան՝ որպես աստվածություն:Արեգակը հիմնականում կազմված է 2 գազից՝ ջրածնից ու հելիումից: Երկնքում այն փոքրիկ, շլացուցիչ սկավառակ է թվում, սակայն Արեգակի տրամագիծը 109 անգամ մեծ է Երկրի տրամագծից, իսկ Արեգակի նյութից կարելի է 330 հզ. երկրագունդ պատրաստել: Արեգակի մակերևույթի ջերմաստիճանը 6000օC է, իսկ նրա ընդերքում՝ կենտրոնին մոտ, հասնում է 16 000 000օC: Այդպիսի աներևակայելիորեն բարձր ջերմաստիճանում Արեգակի միջուկում, միջուկային սինթեզի պայմաններում, առաջանում են էներգիայի վիթխարի քանակություններ, որոնք լույսի և ջերմության տեսքով ճառագայթվում են:Արեգակն արձակում է նաև ռենտգենյան և անդրամանուշակագույն ճառագայթներ, որոնց մեծ քանակությունները կործանարար են բոլոր կենդանի օրգանիզմների համար: Այն չի ազդում մեր օրգանիզմի վրա, որովհետև Երկրի մթնոլորտը կլանում է այդ ճառագայթների մեծ մասը: Արեգակնային լույսը շատ ուժեղ է և ոչ մի դեպքում չի կարելի անպաշտպան աչքերով, առավել ևս որևէ խոշորացույցով, հեռադիտակով կամ աստղադիտակով նայել Արեգակին: Նույնիսկ արևային սև ակնոցով Արեգակին նայելը վտանգավոր է տեսողության համար: Այդ պատճառով աստղագետներն օգտվում են հատուկ սարքերից:Արեգակը լույս է տալիս և կարծես թե «հալվում» է՝ անընդհատ նվազեցնելով իր զանգվածը, սակայն այն այնքան վիթխարի է, որ նույնիսկ այդքան նյութ ու էներգիա ծախսելով էլ կշարունակի լուսավորել և ջերմացնել դեռ միլիարդավոր տարիներ:

Արեգակի ակտիվությունըԱրեգակի խոշոր պլանով արված լուսանկարներում երևում է, որ այն նման է եռացող կաթսայի, որից դուրս են հորդում և ապա հետ են թափվում շիկացած գազի հսկայական լեզվակներ: Գազի մի մասը Արեգակից մշտապես արտահոսում է միջմոլորակային տարածություն:Արեգակի մակերևույթին գրեթե միշտ դիտվում են մուգ բծեր. այդտեղ արեգակնային գազերը մի քանի հարյուր աստիճանով ավելի սառն են, քան դրանց շրջապատի մակերևույթը, ուստի և այդ հատվածները մուգ են երեվում: Արեգակի վրայի բծերի քանակը պարբերաբար փոխվում է: Մոտավորապես յուրաքանչյուր 11 տարին մեկ դրանց թիվը դառնում է ամենամեծը: Այդ ժամանակ, ինչպես ասում են աստղագետները, Արեգակն ակտիվանում է. բոլոր շարժընթացները կատարվում են ավելի բուռն, ուժեղանում է ճառագայթումը:Արեգակի անընդհատ դեպի տիեզերական տարածություն արտանետած նյութի բազմաթիվ մանրագույն մասնիկները՝ պրոտոնները, էլեկտրոնները և այլն, առաջացնում են այսպես կոչված արեգակնային քամի, որը ներթափանցում է ամբողջ Արեգակնային համակարգ: Երբեմն Արեգակի մթնոլորտում տեղի են ունենում շատ ուժեղ պայթյուններ՝ արեգակնային բռնկումներ, երբ Արեգակի որոշակի տեղամասերից դուրս են նետվում շատ արագ շարժվող մեծաթիվ մասնիկներ: Բաց Տիեզերքում կամ Լուսնի վրա գտնվող տիեզերագնացների համար այդ բռնկումները կարող են վտանգավոր լինել: Գիտնականները մշակում են արեգակնային բռնկումները կանխատեսելու ու դրանցից պաշտպանվելու եղանակներ:Մեր մոլորակի վրա Արեգակի էներգիան օգտագործվում է զանազան սարքերում՝ արեգակնային ջեռուցիչներում, ծովաջրի աղազատիչներում, նաև տիեզերանավերում ու ինքնաշխատ կայաններում տեղադրված արեգակնային մարտկոցներում:Գիտնականներն Արեգակի դիտումները կատարում են աստղադիտարաններում՝ արեգակնային աստղադիտակներով, նաև ուղեծրային աստղադիտարաններից, որոնց Երկրի մթնոլորտը չի խանգարում:ՀՀ-ում էներգիայի աղբյուրների սակավության պայմաններում հեռանկարային է արեգակնային էներգիայի օգտագործումը`   էլեկտրական հոսանք ստանալու նպատակով:

Աստղեր

Մութ, անամպ երկնքում աստղերը երևում են փոքրիկ, թրթռացող կրակների նման: Իրականում յուրաքանչյուր աստղ ինքնալուսարձակող, շիկացած գազի հսկա գունդ է և բաղկացած է հիմնականում ջրածնից ու հելիումից:

Աստղագետների դիտումների համար Տիեզերքի մատչելի մասում նյութի մեծ մասը հավաքված է աստղերում, որոնք կազմում են գալակտիկաների հիմնական «բնակչությունը»: Գալակտիկան կազմված է միլիարդավոր աստղերի ամբողջությունից, գազից ու փոշուց, որոնք գտնվում են տարածության նույն գոտում և պտտվում են ընդհանուր կենտրոնի շուրջը: Մեր Գալակտիկայում կա շուրջ 100 մլրդ աստղ: Արեգակը նույնպես աստղ է, իսկ աստղերը Արեգակից թույլ են լուսարձակում, որովհետև մեզանից շատ ավելի հեռու են, քան Արեգակը: Նույնիսկ մեզ ամենամոտ աստղից լույսը մեզ է հասնում տարիների ընթացքում: Երկրից մենք աստղերին ենք նայում անընդհատ շարժման մեջ գտնվող օդի շերտի միջով, այդ պատճառով աստղերի լույսը մեզ թվում է անկայուն, և գիշերային երկնքում աստղերն ասես թարթում են:Աստղերի ընդերքում գազերն ուժեղ սեղմված ու շիկացած են, իսկ ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների: Այդպիսի պայմաններում աստղի կենտրոնում ջրածին գազի մասնիկներն անընդհատ բախվում են միմյանց, և առաջանում է վիթխարի քանակությամբ միջուկային էներգիա: Նման շարժընթացներն անվանում են միջուկային ռեակցիաներ, որի ժամանակ աստղի նյութի մի մասը փոխակերպվում է լույսի ճառագայթների, և աստղերը վառ լուսարձակում են:Աստղերը չափերով շատ են տարբերվում միմյանցից: Կան այնպիսի աստղեր, որոնք ծավալով միլիարդավոր անգամ գերազանցում են Արեգակին. դրանք կոչվում են հսկաներ: Վիթխարի չափեր ունեն Կարմիր հսկաները: Օրիոնի համաստեղության Բետելհեյզե վառ կարմիր աստղը, օրինակ, իր չափերով 500 անգամ գերազանցում է Արեգակին:  Բայց կան նաև թզուկ աստղեր, որոնք փոքր են նույնիսկ Երկրից: Սպիտակ թզուկների տրամագիծը ավելի քան 100 անգամ փոքր է Արեգակի տրամագծից:Ամենաջերմ աստղերը սպիտակ են կամ երկնագույն: Նրանց մակերևույթի ջերմաստիճանը 10–100հզ.օC է: Որոշ աստղեր կարմրավուն են: Դրանք համեմատաբար սառն աստղեր են, որոնց մակերևույթի ջերմաստիճանը չի գերազանցում 2–3հզ. օC: Արեգակը պատկանում է դեղին աստղերի թվին. նրա մակերևույթի ջերմաստիճանը 6000օC է:1997 թ-ին գիտնականները մեր Գալակտիկայում հայտնաբերեցին մի նոր աստղ, որն առայժմ հայտնի ամենախոշոր աստղն է: Այն ավելի քան 100 հզ. անգամ մեծ է Արեգակից: Եթե այդ աստղը գտնվեր մեր Արեգակնային համակարգի կենտրոնում, այն կկլաներ այդ համակարգի առաջին 4 մոլորակները՝ Մարսը ներառյալ: Երկրից այդ աստղը չի երևում, որովհետև ծածկված է գազից ու փոշուց կազմված միգամածությամբ:Մութ գիշերներին երկնքում անզեն աչքով կարելի է տեսնել մինչև 5780 աստղ: Բայց նույնիսկ փոքր աստղադիտակով հաշվվում են միլիոնավոր աստղեր: Երկնակամարում դիտվող ամենապայծառ աստղերը Հին աշխարհի գիտնականները միավորել են համաստեղություններում՝ դրանք անվանելով կենդանիների կամ առասպելական անուններով (Մեծ Արջ, Կասիոպեա, Եզնարած և այլն): Պետք է հիշել, որ համաստեղությունները երկնքում տեսանելի պայծառ աստղերի թվացող խմբեր են, և մի¬ևնույն համաստեղության աստղերը տարածության մեջ կարող են երբեմն իրարից շատ հեռու գտնվել:Հայտնի են նաև բազմակի աստղեր, որոնք կազմված են 2 և ավելի աստղերից: Տիեզերքում կան նաև աստղասփյուռներ և աստղակույտեր՝ հարյուրավոր ու հազարավոր աստղերի միավորումներ:Որոշ աստղեր ժամանակի ընթացքում փոխում են իրենց պայծառությունը. դրանց անվանում են փոփոխական աստղեր:Երբեմն տեղի են ունենում առանձին աստղերի բռնկումներ, և այդ ժամանակ նախկինում անտեսանելի աստղը հանկարծ մի քանի ժամում բռնկում է ու դառնում տեսանելի (երբեմն՝ նույնիսկ ցերեկը): Այդպիսի աստղերը կոչվում են նոր կամ գերնոր աստղեր: Ենթադրվում է, որ դրանց մի մասը բռնկումից հետո կտրուկ սեղմվում է ու դառնում ավելի փոքր և չափազանց խիտ: Այդ աստղերի տրամագիծը մոտ 10 կմ է, բայց դրանց նյութն այնքան խիտ է, որ քորոցի գլխիկի մեծության գնդիկը կկշռեր մոտ 100 հզ. տ:

Աստղերի ծնունդն ու մահըԱստղեր առաջանում են մշտապես: Նախասկզբնական նյութը տիեզերական տարածության մեջ գազի և փոշու ամպն է: Հենց որ նյութի նմանատիպ թանձրուկները սկսում են հավաքվել միատեղ, առաջացած ձգողության ուժն արագացնում է այդ շարժընթացը: Այդպիսի գոյացության կենտրոնում գազը սեղմվում և դառնում է ավելի ու ավելի տաք, և, ի վերջո, նրա ջերմաստիճանն ու ճնշումն այնքան են մեծանում, որ սկսվում է միջուկային սինթեզը`   ջրածնի ատոմների միավորումը: Սինթեզի սկիզբը համարվում է նոր աստղի ծնունդը: Հաճախ բազմաթիվ նոր աստղեր ծնվում են միմյանց մոտ՝ «հսկայական ամպում»: Այդ ժամանակ նրանք առաջացնում են աստղերի ընտանիքներ, որոնց անվանում են աստղակույտեր:Սակայն աստղերը հավերժ չեն: Ի վերջո, դրանց միջուկում ջրածնային պաշարը սպառվում է: Այդ ժամանակ աստղի չափերը փոխվում են, և այն աստիճանաբար մահանում է: Հին աստղերը փքվում են՝ փոխարկվելով Կարմիր հսկաների, որոնք իրենց շիկացած գազի մի մասը ցրում են տարածության մեջ՝ հսկա, մշուշե օղակների տեսքով, և աստիճանաբար սառչում:Արեգակի տարիքը հաշվվում է մոտ 5 մլրդ տարի, որը նրա կյանքի ճանապարհի միայն կեսն է: Հեռավոր ապագայում Արեգակը կվերածվի Կարմիր հսկայի և կկլանի իրեն ավելի մոտ գտնվող մոլորակները: Այնուհետև այն կսկսի սեղմվել ու փոքրանալ այնքան ժամանակ, մինչև որ նրա ողջ զանգվածը կպարփակվի Երկրի չափեր ունեցող մի գնդի մեջ: Այդ ժամանակ Արեգակը կվերածվի Սպիտակ թզուկի և հանդարտ կմարի:Արեգակից զգալիորեն ավելի մեծ զանգվածով աստղերն իրենց գոյությունն ավարտում են վիթխարի պայթյունով և վերածվում գերնոր աստղի: Վերջինս մի քանի օրվա ընթացքում ճառագայթում է միլիոն անգամ ավելի շատ լույս, քան Արեգակը: Վերջին 1000 տարում գրանցվել է ընդամենը 3 գերնոր աստղերի բռնկում, վերջինը`   1987 թ-ին`   Մագելանի ամպ գալակտիկայում:

Ապրիլի 22-ը Երկրի օրն է։ Այսօր մեր դասարանով զբաղվեցինք միջավայրի խնամքի աշխատանքներով և մեր դպրոցի սիրուն ու մեծ այգում տնկեցինք ծառեր և ծաղիկներ։ Սկզբում մենք մեծ փոս փորեցինք , օրհնանքներ ասացինք և ծառերն ու ծաղիկները դրեցինք այդ փոսի մեջ։ Հետո ջրեցինք ծառերը, ծաղիկները։ Մեր դպրոցի այգին շատ գեղեցիկ է։