Կացին Ախպերը

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։

— Ախպե՛ր,- ասավ,- ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։

— Կացինն ի՞նչ բան է,- հարցրեցին գյուղացիք։

Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․

— Տո՛, եկե՛ք, տեսե՛ք կացին ախպերը ինչ արավ։

Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռքիցն առան։

Կացինն առան, որ հերթով կոտորեն իրանց փայտը։

Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։

— Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։

Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։

— Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։  Մտածեցին, մտածեցին ու վճռեցին՝ տանեն բանտը գցեն։

Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր․ գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինքը բարձրացավ։

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից․ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բա՛ն հասկացրու»։

Գառնիի տաճար

Գառնիի հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:

Հայտնաբերված հունական արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից:  305 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը ոչնչացվում են:

Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում: Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»:  Կա նաև կարծիք, որ Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավիրել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։ 

Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է իոնական կարգի քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:  Տաճարի սանդուղքն ունի ինը 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:

Համալիրը կառուցվել է բարձր հրվարդանի վրա և երկու կողմերից պաշտպանված է 100 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մետր երկարությամբ պարսպապատով:

Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի:  Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը կազմված է 15 գույնի բնական քարերով։ Խճանկարի վերևի մասում գրված է՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։ 

1679 թվականին տեղի ունեցած երկրաշարժը ամբողջությամբ ավերել է տաճարը։ Կործանված տաճարի մասերը, սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը և հարևան ձորում։ Հնագետներին պահանջվել է ավելի քան 20 տարի, որպեսզի քանդված կտորները հավաքեն: 

Տաճարի վերակառուցումն ավարտվել է 1975 թվականին՝ երկրաշարժից  գրեթե 300 տարի անց: Տաճարը ամբողջությամբ վերակառուցվել է՝ օգտագործելով բնօրինակ քարեր: Անհայտ կորած կտորները փոխարինվել են դատարկ քարերով, որպեսզի դրանք հեշտությամբ ճանաչելի լինեն: